Նոյեմբերի 1-ից Եվրամիության շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների վրա կսահմանվի երկու եվրոյի մաքսային սպասարկման վճար
Եվրամիությունը նոյեմբերի 1-ից իր շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների վրա կսահմանի երկու եվրոյի մաքսային սպասարկման վճար: Այս մասին տեղեկությունը տարածում է «Եվրոնյուզ»-ը: Ավելի վաղ՝ հուլիսին, ուժի մեջ էր մտել երեք եվրոյի մաքսային տուրքը, որը վերաբերում է 150 եվրոյից պակաս արժողությամբ փոքր ծանրոցներին: Սա ժամանակավոր միջոցառում է և կգործի մինչև 2028 թվականը, քանի դեռ չի գործարկվել մաքսային հսկողության նոր տեղեկատվական համակարգը: «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ՝ նոր միջոցների ընդունումը պայմանավորված է չինական առցանց հարթակներից, այդ թվում՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից էժան ապրանքների ներմուծման կտրուկ աճով: Նոր՝ երկու եվրոյի վճարը տարածվելու է բոլոր ծանրոցների վրա՝ անկախ դրանց արժեքից: Գումարը կուղղվի մաքսային հսկողության հետ կապված ծախսերի ծածկմանը և կավելանա արդեն գործող երեք եվրոյի տուրքին: Վճարը կվճարեն առցանց հարթակները, վաճառողները կամ փոխադրող ընկերությունները: Գումարը կհավաքագրեն Եվրամիության 27 անդամ երկրները: Ստացված եկամտի 75%-ը կփոխանցվի Եվրամիության բյուջե, իսկ մնացած 25%-ը կմնա անդամ երկրներին: