Իտալիայում բողոքի ակցիաներն ընթանում են բախումների ֆոնին
Հռոմում՝ Կոլիզեումի մոտ, բախում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանության միջև: Տեղեկությունը տարածում է տեղական լրատվամիջոցը: Երթից առանձնացել է մոտ 300 մարդ, փողոցում բարիկադներ են կանգնեցրել, աղբամաններ, սկուտերներ են այրել և իրեր նետել ոստիկանների ուղղությամբ: Երթի մասնակիցների մի մասն էլ վրաններ է խփել և հայտարարում է, որ այնտեղ կմնան մինչև շաբաթվա վերջ: Բողոքի ակցիայի մասնակիցները Միլանում մի քանի ժամով փակել են մայրուղին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ցույցին դուրս է եկել 30 հազար մարդ: Թուրինում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենա է կիրառել: Ակցիայի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ փողոցում է ավելի քան 50 հազար մարդ: Նրանք բողոքում են ապրուստի աճած ծախսերի դեմ: Վիչենցայում ոստիկանների ուղղությամբ պիրոտեխնիկա են նետել, ինչի հետևանքով վիրավորվել է չորս ոստիկան: Յոթ ոստիկան էլ վիրավորվել է Մեստրեում: Իտալիայում այսօր ակցիաներ են անցկացվել նաև նավահանգիստներում՝ զենքի փոխադրման դեմ: Գործադուլների նոր ալիք Իտալիայում ծրագրվում է նաև նոյեմբերի 20-ին: