Սլովակիայի էլեկտրական համակարգերի օպերատոր ընկերությունը հայտարարում է, որ Սլովակիան կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային

18:00, 04.01.2025

Սլովակիան կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային: Այս մասին չեխական լրատվամիջոցներին հայտնել է Սլովակիայի էլեկտրական համակարգերի օպերատոր «SEPS» ընկերությունը։

Ինչպես նշում են ընկերությունում, նախատեսում են կատարել Ուկրաինայի «Ուկրեներգո»-ի հետ գործող պայմանագրի պայմանները։ Սլովակիայից ստացված էլեկտրաէներգիան Կիևն օգտագործում է ռուսական հարվածների հետևանքով էլեկտրամատակարարման ընդհատումը փոխհատուցելու համար։

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն չէր բացառել 2025 թվականի հունվարից Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցման։ Վլադիմիր Զելենսկին, խոսելով Սլովակիայի վարչապետի կողմից էլեկտրամատակարարման հնարավոր ընդհատման սպառնալիքի մասին, ասել է, որ «կարծես թե Պուտինը Ֆիցոյին հրամայել է երկրորդ էներգետիկ ճակատ բացել Ուկրաինայի դեմ՝ սլովակ ժողովրդի շահերի հաշվին»:

Ուկրաինան հունվարի 1-ից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը:

Նմանատիպ