Սիրիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Սիրիայի նոր վարչակազմի կողմից արտաքին գործերի նախարար նշանակված Ասադ Հասան ալ-Շիբանին ժամանել է Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այս մասին Reuters-ին հայտնել է Կատարի բարձրաստիճան պաշտոնյան։
Դոհա սիրիական պատվիրակության ժամանման մասին տեղեկություն է տարածում նաև սիրիական պետական SANA գործակալությունը։
Պատվիրակության կազմում են նաեւ Սիրիայի պաշտպանության նախարարը եւ հետախուզական ծառայության ղեկավարը։
Սա Սիրիայի արտգործնախարարի երկրորդ այցն է արտերկիր Բաշար Ասադի հեռանալուց հետո։ Սիրիայի արտաքին գործերի նախարարն անցած չորեքշաբթի առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա։
Ալ-Շիբանին նաև ծրագրում է այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ և Հորդանան՝ «կայունությանը, անվտանգությանը, տնտեսական վերականգնմանը աջակցելու և ակնառու գործընկերություն հաստատելու համար»: