Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը
Ռուսաստանը դեմ չէ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը,- այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին չի բողոքում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների դեմ»,- ասել է Մեդինսկին։
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ «Կիևը խոստանում է հրաժարվել ռազմական դաշինքներին միանալուց, օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց և զորավարժություններ անցկացնելուց՝ առանց երաշխավոր երկրների համաձայնության»։
«Անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի տարածքների վրա, Ուկրաինան մերժում է Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունը՝ ասելով, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Իհարկե, դա համահունչ չէ մեր դիրքորոշմանը, սակայն Ուկրաինան մշակել է իր մոտեցումը»,- ասել է Մեդինսկին։