Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Կայա Կալասի մասնակցությունը խաղաղ բանակցություններին կխոչընդոտի համաձայնության ձեռքբերմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությունը Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին կխոչընդոտի ցանկացած համաձայնության ձեռքբերմանը։
«Նա բացահայտ խոստովանում է, որ իր լիազորությունների շրջանակում մտադիր է սաբոտաժի ենթարկել ցանկացած համաձայնություն։ Կալասն արդեն երկար ժամանակ է՝ նման հայտարարություններ է անում, և ԵՄ-ում ոչ ոքի չի հաջողվում կանգնեցնել նրան, առավել ևս՝ վերահսկել։ Ում և ինչպես է նա ներկայացնում ԵՄ անունից, երբ հենց ԵՄ-ում էլ չեն հասկանում, թե ում է նա ներկայացնում այս ամբողջ ընթացքում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ի դեպ, ավելի վաղ Կայա Կալասը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում Եվրոպան կարող է ներկայացնել ինքը։ Սակայն տարածված տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ում այս փուլում քննարկում են երկու այլ թեկնածություն՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։