Մանիլայում տեղի է ունեցել Վրաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների խորհրդարանական երկխոսությունը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) միջխորհրդարանական վեհաժողովի 47-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակում տեղի են ունեցել Վրաստանի վերաբերյալ լսումներ:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն խոսել է Վրաստանում առկա միտումների մասին:
Նիկոլոզ Սամխարաձեն ներկայացրել է երկրի տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակը, խոսել տարբեր ոլորտներում իրականացված հաջողված բարեփոխումների մասին:
«Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունեցան Վրաստանի վերաբերյալ լսումներ, որտեղ հնարավորություն ունեցա խոսել Վրաստանի տարածքային ամբողջականության և օկուպացված տարածքներում տիրող ծանր իրավիճակի, Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խախտման հարցերի շուրջ: Ուշադրություն է դարձվել Վրաստանի ռազմավարական դերին էներգետիկ անվտանգության, «Միջին միջանցքի», Սև ծովի ստորջրյա մալուխի և Եվրոպայի ու Ասիայի միջև տրանսպորտային և թվային փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ: Ընդգծել եմ նաև Վրաստանի բարենպաստ ներդրումային միջավայրը, տնտեսական ազատության, թափանցիկության և կառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները», – հայտարարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
ԱՍԵԱՆ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակություններն իրենց հաստատակամ աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Նշել են, որ Վրաստանի հետ ունեն լավ քաղաքական հարաբերություններ և ցանկություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարբեր ուղղություններով՝ առևտրային, տնտեսական, մշակույթի, կրթական և զբոսաշրջության ոլորտներում:
Ինչպես հայտարարել է Նիկոլոզ Սամխարաձեն, նրանց ցանկությունն է, որպեսզի Վրաստանի կողմից երկկողմ այցերը Հարավարևելյան Ասիայի երկրներ իրականացվեն էլ ավելի մեծ հաճախականությամբ:
«Բոլոր երկրների պատվիրակությունները նշել են, որ ցանկանում են խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նրանք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Հանդիպմանն ուշադրություն է դարձվել նաև երկրների միջև առանց վիզայի ռեժիմի կարևորությանը: Նշվել է, որ այս ուղղությամբ գործընթացի մեկնարկը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների և շփումների խորացմանը: Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, և որ իրենց դիրքորոշումն այս հարցում անսասան է», – հայտարարել է Նիկոլոզ Սամխարաձեն:
Վրաստանի վերաբերյալ լսումներին մասնակցել են Ֆիլիպինների, Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի և Բրունեյի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև Ինդոնեզիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN) Վրաստանի ներկայացուցչության արտակարգ և լիազոր դեսպան Թոռնիկե Նոզաձեն:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: