ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ազատվել է պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Պոմպեոն «ֆանտաստիկ կերպով կաշխատի» նոր պաշտոնում: Նա շնորհակալություն է հայտնել Թիլերսոնից իր ծառայության համար, ինչպես նաև հայտարարել է ԿՀՎ-ի նոր ղեկավարի անունը: ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը ստանձնել է Ջինա Հեսփելը՝ առաջին կինն այս պաշտոնում: The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփը խնդրել էր Թիլերսոնին հրաժարական տալ դեռ ուրբաթ օրը՝ մարտի 9-ին: Թե ինչ պատճառով է այդպիսի որոշում կայացվել, չի հաղորդվում:
2018 թվականի մարտի 12-ին Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել անգլիական Սոլսբերիում կրկրնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, և խոստացել էր քայլեր ձեռնարկել: Թիլերսոնի հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին:
Ռեքս Թիլերսոնը գլխավորել է ԱՄՆ Պետդեպարտամենտը 2017 թվականի հունվարի 20-ից: Նախկինում նա գլխավորում էր ExxonMobil նավթային ընկերությունը և դիվանագիտական գործունեությամբ երբեք չէր զբաղվել :
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Թիլերսոնն անգամ դիմում էր գրել հրաժարականի մասին, սակայն նրան համոզել են մնալ: Որպես այս որոշման պատճառ նշվում էին Թրամփի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի միջև առկա տարաձայնությունները: Մասնավորապես, միանգամից մի շարք ամերիկյան պարբերականներ հաստատումներ ստացան առ այն, որ Թիլերսոնը վկաների ներկայությամբ Թրամփին «գրողը տարած ապուշ» է անվանել: