Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները չպետք է պատանդ լինեն դաշինքի որոշ անդամների նեղ օրակարգին
Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները չպետք է պատանդ լինեն դաշինքի որոշ անդամների նեղ օրակարգին,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։
Էրդողանն ասել է, որ ԵՄ անդամակցությունը շարունակում է մնալ «Թուրքիայի ռազմավարական նպատակը», և որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը նշանակալի օգուտներ կբերի ոչ միայն բուն երկրին, այլև բլոկին:
Թուրքիայի նախագահն իր ակնկալիքն է հայտնել, որ Եվրամիությունը կներկայացնի «նոր տեսլական, որը կամրապնդի» երկրի անդամակցության հեռանկարները։ Էրդողանը ընդգծել է Եվրամիության հետ ավելի ամուր, ինստիտուցիոնալ հարաբերությունների անհրաժեշտությունը՝ հավելելով, որ որպես թեկնածու երկիր՝ Թուրքիան հավատարիմ է այդ նպատակին։ Թուրքիան Եվրամիության թեկնածու երկիր է 1999 թվականից։ Երկրի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն 2007 թվականից փակուղի են մտել Կիպրոսի հարցի և մի քանի անդամ երկրների՝ Թուրքիայի անդամակցության դեմ քաղաքական հակադրության պատճառով: