Պուտինն առաջարկում է ԱՄՆ-ին «բարձր տեխնոլոգիական մենամարտ», որի ժամանակ Ռուսաստանը Կիևին կհարվածի փորձնական «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով, իսկ արևմտյան հակաօդային համակարգերը կփորձեն ետ մղել այն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի հետ «բարձր տեխնոլոգիաների մենամարտ», որի ժամանակ Ռուսաստանը փորձարարական «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով հարվածելու է Կիևին, իսկ արևմտյան հակաօդային համակարգերը կփորձեն հետ մղել այն։
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է տարեկան մամուլի ասուլիսում։
Պուտինը պնդում է, որ Արևմուտքը զենք չունի ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցելու համար։
«Եթե արևմտյան փորձագետներն այլ կերպ են մտածում, ապա մեզ և Արևմուտքում իրենց վճարողներին պետք է առաջարկեն տեխնոլոգիական փորձարկում անցկացնել ԱՄՆ-ում, 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական մենամարտ։ Թիրախ որոշեք, օրինակ, Կիևում և այնտեղ կենտրոնացնեք նրանց բոլոր հակաօդային պաշտպանության և հակահրթիռային համակարգերը, և մենք կխփենք այս թիրախը «Օրեշնիկով»։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Մենք պատրաստ ենք այս փորձին։ Պատրա՞ստ է մյուս կողմը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ նման փորձի անցկացումը օգտակար կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ամերիկայի համար։
Նույն ելույթում Պուտինը փորձարարական բալիստիկ հրթիռն անվանել է «ժամանակակից զենք» և ասել, որ այս հրթիռի թռիչքի հեռավորությունը 5,5 հազար կիլոմետր է։
Տեղեկության համար՝ Պենտագոնը դեկտեմբերի 10-ին հայտարարեց, որ ՀՕՊ գործակալությունը փորձարկում է անցկացրել Գուամ կղզու մոտ, որի ընթացքում առաջին անգամ կարողացել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ խոցել։