Պուտինի հետ զրույցում Ալիևը նշել է, որ «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցություն է կրել և ամբողջությամբ կորցրել է կառավարումը
«Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես զրույցի ընթացքում նշել է Իլհամ Ալիևը, «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում գտնվելիս ենթարկվել է արտաքին ֆիզիկա-տեխնիկական ազդեցության, ամբողջովին կորցրել է կառավարումը, շեղվել է դեպի Ղազախստանի Ակտաու օդանավակայան և կարողացել է վթարային վայրէջք կատարել միայն շնորհիվ օդաչուների պրոֆեսիոնալիզմի ու քաջության:
«Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժի վրա բազմաթիվ անցքեր են եղել, օդանավի խցիկ ներթափանցած օտար մասնիկներից ուղևորներն ու անձնակազմի անդամները դեռևս օդում գտնվելիս են վիրավորվել, իսկ ողջ մնացած բորտուղեկցորդների և ուղևորների ցուցմունքները հաստատում են արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության փաստը:
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են այս ողբերգության բոլոր մանրամասների լուրջ, համապարփակ հետաքննության և մեղավոր կողմերին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Իլհամ Ալիեւը նշել է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային փորձագետների խումբ՝ վթարի պատճառների համապարփակ հետաքննության համար, որն արդեն սկսել է աշխատել։
Միաժամանակ պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ ողբերգության առնչությամբ սկսված հետաքննության գործընթացը կիրականացվի բացարձակ թափանցիկ, և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը», – ասված է Իլհամ Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նույն տեղեկատվության մեջ նշվում է, որ «հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար։