Օլաֆ Շոլց. Նպատակը մնում է նույնը, որ Պուտինը չհաղթի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքով՝ Պուտինը չպետք է հաղթի: Այս մասին Շոլցը հայտարարություն է արել քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Բացի այդ, Գերմանիայի կառավարության ղեկավարն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն անվանել է «Պուտինի պատերազմ»։
«Նպատակը մնում է այն, որ Պուտինը չհաղթի։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են: Նախագահ Բայդենը հստակ ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի այնպիսի զենք, որը թույլ կտա Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Իմ կարծիքով՝ սա սկզբունք է, որին պետք է ենթարկվեն բոլորը։ Մենք միշտ նայում ենք, թե ինչ են անում ուրիշները: Ինչ վերաբերում է այժմ քննարկվող հարցին՝ վիզաների տրամադրման հարցին, ապա միշտ կարելի է մանրամասներին նայել ու հասկանալ Ռուսաստանի հարեւան պետություններին։ Բայց սա Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուսների։ Ընդհանրացում երբեք չպետք է տեղի ունենա»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցը խոսել է նաև Գերմանիայում գների աճի մասին և ասել, որ կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկելու գնաճը նվազեցնելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները նույնպես աշխատում են բիզնեսին աջակցելու որոշակի միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։