Նոյեմբերի 17-ին երկօրյա այցով Վրաստան կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղար, Մայք Պոմպեոն:
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք ողջունում ենք նոյեմբերի 17-18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Վրաստան:
Այցի շրջանակներում պետքարտուղարը հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ:
Վրաստան այցի ընթացքում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված առաջնահերթ ուղղությունները և մեր երկրների միջև գոյություն ունեցող հստակ համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես պաշտպանության և անվտանգության, այնպես էլ առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև կապերի, կրթության և մշակույթի փոխանակման ոլորտում:
Այցի շրջանակներում կայանալիք հանդիպումներում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին վերաբերող հարցեր»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշում են արտաքին գործերի նախարարությունում, Վրաստան ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը մեկ անգամ ևս ընդգծում է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հստակությունը և երկրների պատրաստակամությունը, հետագայում շարունակել աշխատել` ընդհանուր արժեքների և տեսլականի վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման նպատակով:
«Այցը վերահաստատում է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր երկրի հետագա ժողովրդավարական զարգացմանը և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը», – ասված է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ: