Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Բունդեսթագի պատվիրակությունը 2023 թվականի մարտին կայցելի Վրաստան
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացնում Բեռլինում։ Պատվիրակությունը Բունդեսթագում հանդիպել է Հարավային Կովկասի բարեկամության խմբի անդամների հետ։
Հանդիպման հիմնական հարցը վերաբերում էր տարածաշրջանային անվտանգությանը, Վրաստանի ինտեգրմանը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին։
Ինչպես հանդիպումից հետո ասել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, որոշվել է, որ հաջորդ տարվա մարտին Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի Վրաստան։
«Մենք քննարկել ենք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Շատ հետաքրքիր, խորքային քննարկում էր։ Նրանք շատ լավ գիտեն մեր տարածաշրջանը, հետևաբար՝ նրանց հետաքրքրում էր մեր տեսլականը։ Միաժամանակ ուշադրությունը կենտրոնացված էր մեր օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի և Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի վրա։ Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ տարվա մարտին Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի Վրաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և անվտանգության, և այն բարեփոխումներին, որոնք Վրաստանն իրականացնում է Եվրոպային միանալու նպատակին հասնելու համար», – ասաց Նիկոլոզ Սամխարաձեն: