ՆԱՏՕ-ն չի ծրագրում Ռուսաստանի հետ ռազմական առճակատում, բայց Արևմուտքը կշարունակի խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները. Օլաֆ Շոլց
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ռազմական առճակատման գնալ Ռուսաստանի հետ Ուկրաինա ներխուժելու պատճառով, սակայն Արևմուտքը կշարունակի խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները,- այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում։
Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը պետք է գիտակցի, որ Ուկրաինայի վրա իր հարձակումը կկործանի ոչ միայն Ուկրաինան, այլև Ռուսաստանը։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ Գերմանիայի քաղաքացիները ֆինանսական օգնություն կստանան էներգիայի թանկացման պայմաններում, իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրները և էներգաարդյունավետությունը կարևոր կլինեն երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։
Շոլցը նաև նշել է, որ Եվրոպան կդադարեցնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, բայց դա անելը մեկ գիշերում վտանգի տակ կդնի հարյուր հազարավոր աշխատատեղեր և ամբողջ արդյունաբերական հատվածը:
«Պատժամիջոցները չպետք է ավելի շատ վնասեն եվրոպական պետություններին, քան Ռուսաստանի ղեկավարությանը», – ասել է Շոլցը։