Մշակույթի նախարարությունը հիմնել է «Տարվա լավագույնը» գրական նոր մրցանակ
Մշակույթի նախարարությունը հիմնել է «Տարվա լավագույնը» գրական նոր մրցանակ

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը հիմնել է նոր գրական մրցանակ՝ «Տարվա լավագույնը»։ Այս մասին նախարարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին։

Ճեպազրույցին ներկա է գտնվել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Քեթևան Դումբաձեն, ում նախաձեռնությունն էր սահմանել մրցանակը։ Նախարարությունը կիսել է այս նախաձեռնությունը, և այսուհետ Վրաստանում կանցկացվի նոր՝ ամենամյա գրական մրցույթ։

Ճեպազրույցում նշվեց, որ մրցույթի նպատակն է նպաստել վրաց գրականության զարգացմանը, աջակցել երկրում հրատարակչական ոլորտին, խրախուսել նկարիչների ստեղծագործական գործունեությանը, հանրահռչակել վրացի հեղինակներին և բացահայտել նոր, տաղանդավոր հեղինակների:

Գրական մրցույթին իրավունք ունեն մասնակցել Վրաստանում գրանցված մասնավոր իրավունքի իրավաբանական անձինք (հրատարակիչներ/հրատարակչություններ) և Վրաստանի քաղաքացի ֆիզիկական անձինք։ Հաղթողները կհայտարարվեն հետևյալ անվանակարգերում. Տարվա լավագույն վեպ. Տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու. Տարվա լավագույն արձակ հավաքածու. Տարվա լավագույն պիես:

Մրցույթի շրջանակներում կքննարկվի մրցույթի անցկացման տարում հրատարակված գրքով ստեղծված կամ նույն թվականին ստեղծված և դեռ չհրատարակված վրացական գրական ստեղծագործությունները (վեպ, պատմվածք, վիպակ, պոեմ, պիես), իսկ «Տարվա լագավույն պիես» անվանակարգում ինչպես հրատարակված գիրք, այնպես էլ թատերական բեմում դեռ չբեմադրված գործեր։ Յուրաքանչյուր անվանակարգում մրցանակի չափը կազմում է 6 378 լարի (հաշվի առնելով օրենքով սահմանված հարկերը)։

Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցույթի շրջանակներում ներկայացված աշխատանքի հեղինակը։ Հաղթողը կբացահայտվի և նախարարի հաստատմանը կներկայացվի մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմը գաղտնի է մինչև հաղթողի հայտարարումը և բաղկացած է առնվազն հինգ անդամից։

Հայտերն ընդունվում են 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 3-ը, ժամը 12:00-ն, նախարարությունում. Հասցե՝ Թբիլիսիի Սանապիրոյի փող. N4, նյութական տեսքով կամ նախարարության պաշտոնական էլ. փոստին՝ [email protected] էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Խորհրդատվությունը կարող է իրականացվել նախարարության թեժ գծի միջոցով՝ 032 2 022229 հեռախոսահամարով կամ ՝ 599 877 816 հեռախոսահամարով։

Մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։