Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ Փոնիճալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավարար է, իսկ տղամարդը, որի տանը տեղի է ունեցել պայթյունը, շարունակում է մնալ ծանր վիճակում

22:56, 19.11.2026
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ Փոնիճալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավարար է, իսկ տղամարդը, որի տանը տեղի է ունեցել պայթյունը, շարունակում է մնալ ծանր վիճակում։
«Հիվանդանոցում գտնվող անձանց, հատկապես երեխաների վիճակը նորմալ է։ Նրանք վտանգավոր և բարդ վնասվածքներ չունեն։ Բժիշկների հսկողության տակ են և, բնականաբար, այդպես էլ կշարունակվի։ Առանց բացառության բոլոր կարիքները, որոնք կառաջանան, կապահովվեն։ Երեխաների հետ կապված՝ մտածում ենք հոգեբանի կամ ցանկացած այլ տեսակի օգնության ներգրավման մասին՝ ըստ անհրաժեշտության։
Սպասում ենք որոնողական աշխատանքներին։ Բժշկական հաստատությունները պատրաստության մեջ են, որպեսզի ցանկացած տեսակի բժշկական օգնություն ցուցաբերվի», – հայտարարել է Սարջվելաձեն։
Ինչ վերաբերում է տղամարդուն, որի բնակարանում տեղի է ունեցել պայթյունը, առողջապահության նախարարը նշել է, որ նրա վիճակը ծանր է։
«Մարմնի ծանր վնասվածքներ է ստացել։ Չեմ ուզում նախապես ինչ-որ եզրակացություններ անել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։ Ինչ կստացվի, ժամանակը և բուժման արդյունքները ցույց կտան։
Հիվանդանոցում տեղավորված էր մի կին, որը դուրս է գրվել։ Նա չուներ այնպիսի վնասվածք, որը հիվանդանոցում մնալու կարիք կառաջացներ։ Բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերվի», – նշել է Սարջվելաձեն։
Տեղեկացնենք, որ Փոնիճալայում գտնվող բնակելի շենքում այսօր տեղի ունեցած գազի պայթյունը փլուզման պատճառ է դարձել։ Դժբախտ պատահարի հետևանքով փլատակների տակ յոթ մարդ էր մնացել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել հինգ մարդու դի։ Միևնույն ժամանակ, փլատակներից անվնաս դուրս է բերվել մանկահասակ աղջիկ։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ