«Միացյալ չեզոք Վրաստան» հասարակական շարժումը ձևավորվել է որպես կուսակցություն
«Միացյալ չեզոք Վրաստան» հասարակական շարժումը ձևավորվել է որպես կուսակցություն

«Միացյալ չեզոք Վրաստան» հասարակական շարժման հիմնադիրներից մեկը՝ Վատո Շաքարիշվիլին, հայտարարել է, որ «Միացյալ չեզոք Վրաստանը» վերածվել է կուսակցության։ Այս մասին նա հայտարարել է բրիֆինգի ընթացքում։

Նրա խոսքով, մոտ ժամանակում կուսակցությունը կկազմակերպի հիմնադիր համագումարը և կսկսի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։

«Ավելի քան մեկ տարի անցել է մեր կազմակերպության՝ «Միացյալ չեզոք Վրաստանի» հիմնադրումից։ Այս ընթացքում, վրաց հասարակության հետ միասին, ակտիվորեն փորձում էինք բացահայտել բոլոր այն արատավոր երևույթները, որոնք մեր երկրի ներսում կամ դրսից լուրջ վտանգ են ներկայացնում մեր հայրենիքի համար՝ ոչ միայն քաղաքական կայունության և խաղաղության տեսանկյունից, այլև՝ բառացիորեն, Վրաստանի գոյության կամ չգոյության էկզիստենցիալ հարցի առումով։

Քանի որ աշխարհի առաջատար պետությունները մինչ օրս մեր երկրի հանդեպ գործում են միայն սեփական շահերի բավարարման և մեր կարիքների անտեսման պրիզմայով, անցած տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ մղվող անհավասար պայքարի մասին, որի հիմնական նպատակը շարունակում է մնալ իշխանության ցանկացած ձևով հեռացումը և կառավարությունում նրանց գործակալների վերադարձը։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքն» կրկին ստացավ ժողովրդի մանդատը, բայց իրավիճակի կայունացման փոխարեն, արտաքին ուժերը չդադարեցին Վրաստանի և վրաց ժողովրդի վրա ազդեցությունը՝ ինչի հետևանքով խնդիրները միայն խորանում են։

Ակնհայտ է, որ այսօր Եվրամիությունում գրեթե ամբողջությամբ քայքայվել են եվրոպական արժեքները, իսկ Բրյուսելի բյուրոկրատները ծառայում են ոչ թե եվրոպական գաղափարին, այլ ոչ ֆորմալ օլիգարխիական կառավարություններին և բացահայտ աջակցում են Վրաստանում այն քաղաքական խմբերին, որոնց նպատակը ժողովրդի կողմից մերժված պայմաններում իշխանության բռնի տապալումն է»։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունում լիարժեք ուժով տարածվում է ԼԳԲՏ քարոզչությունը․ բացահայտ պայքար է մղվում քրիստոնեության, երկրների ինքնության, անցյալի և ավանդույթների դեմ։ Երիտասարդությունը կանգնած է ծայրահեղ վտանգի առաջ։ Վերջերս ընդունված ԼԳԲՏ ռազմավարությունը 2026–2030 թթ., որը ստորագրված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից և պարտադիր է ինչպես անդամ, այնպես էլ բանակցություններ վարող երկրների համար, եվրոպական երիտասարդ սերնդին ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական դեգրադացիայի վտանգ է սպառնում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավիճակն ոչ պակաս ծանր է․ այնտեղի ոչ ֆորմալ օլիգարխիական իշխանությունը փորձում է փոխել իր դեմքը, ինչի արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ Թրամփի վարչակազմը միայն խոսքով է պայքարում «խորը պետության» ազդեցությունների դեմ։

Օրինակ՝ հոկտեմբերի 4-ին, երբ մարգինալ գործակալական ցանցը Վրաստանում փորձեց իշխանության տապալում և նախագահական պալատի գրոհ, Եվրամիությունը բացահայտ խրախուսեց պետական հեղաշրջման փորձը՝ այն անվանելով «խաղաղ տապալում», իսկ ԱՄՆ-ն պարզապես «ռազմավարական  լռությամբ» արձագանքեց գործակալների հանցավոր գործողություններին։

Մենք գտնում ենք, որ նման պայմաններում իշխանությունը պետք է ինքնուրույն հրաժարվի բարոյապես, քաղաքականորեն և տնտեսական առումով դեգրադացված Եվրամիությանը միանալու գաղափարից, մինչև այդ միությունում չվերականգնվեն իսկական եվրոպական, ժողովրդավարական և արդար արժեքները։ Ցավոք, այսօր ակնհայտ է, որ ոչ Եվրամիությանը, ոչ էլ ԱՄՆ-ին անկախ և ինքնիշխան Վրաստանը հարկավոր չէ․ նրանք մեր երկիրը դիտում են որպես զոհասեղանի միս, որի գլխին պետք է լինեն իրենց գործակալները։

Արտաքինից եկող աննախադեպ ճնշման, այս ուղղությամբ իշխանության անգործության և հակավրացական գործունեությամբ զբաղվող ընդդիմության ֆոնին մենք որոշեցինք հայտարարել քաղաքական կուսակցության հիմնադրման մասին։ Հաշվի առնելով մեր պատասխանատվությունը երկրի և ժողովրդի առջև՝ չենք կարող այլևս մնալ «եվրոիլյուզիայի» մեջ գտնվող իշխանության կամ հայրենազուրկ, գործակալական ընդդիմության հույսին։ Մոտ ապագայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը, և մենք կսկսենք պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։

Վրաստանի համար չեզոք կարգավիճակի սահմանումը կլինի մեր երկրի սուվերենության և տնտեսական ներուժի ճանաչում, հաշվի առնելով այն աշխարհագրական առավելությունը, որը մեր երկիրը ունի։ Հենց այս պատճառով է Վրաստանը հետաքրքրություն առաջացնում աշխարհի առաջատար պետությունների համար, և այդ հետաքրքրությունը պետք է օգտագործել ոչ թե որևէ երկրի կամ դաշինքի շահերի սպասարկման համար, այլ՝ ցույց տալու համար, որ Վրաստանի խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ոչ միայն չեն հակասում որևէ երկրի շահերին, այլ, հակառակը՝ հնարավորություն են տալիս բոլոր կողմերին՝ հենց այսպիսի Վրաստանի գոյության պայմաններում իրացնել իրենց շահերը։

«Առաջատար երկրների տնտեսական շահերի բավարարման հարցում Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքի արդյունավետ և խելամիտ օգտագործումը մեզ հնարավորություն կտա հետաքրքրել ոչ միայն գործընկեր երկրներին և Ռուսաստանին, այլև հենց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների օկուպացված տարածքների բնակիչներին՝ իրենց տարածաշրջանների վերաինտեգրման հարցով», – հայտարարել է Վատո Շաքարիշվիլին։