Միխեիլ Ղավելաշվիլին Նախագահական պալատում հյուրընկալել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենին
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենին հյուրընկալել է Վրաստանի նախագահի պալատում։ Հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով։
Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը։ Նշվել է, որ սա Չինաստանի փոխնախագահի առաջին այցն է Վրաստան։ 2027 թվականին երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Ընթացիկ տարում ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կնքվել են միջազգային համաձայնագրեր։
Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել չինական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նորից հաստատել է Վրաստանի դիրքորոշումը «Մեկ Չինաստանի սկզբունքի» վերաբերյալ։ Զրույցը վերաբերել է Շանհայի զարգացման գործում Հան Չժենի գործունեությանն ու ներդրմանը, Թբիլիսիի և Շանհայի միջև բարեկամական կապերի խորացմանն ու ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկին։ Կողմերը խոսել են նաև Վրաստանում Չինաստանի նոր դեսպանի նշանակման կարևորության մասին։
Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը։ Քննարկվել են Ազատ առևտրի համաձայնագրով ստեղծված հնարավորությունները, չինական ներդրումների աճը և համագործակցության խորացումը տարբեր տնտեսական ոլորտներում։
Հանդիպմանը զրույցը վերաբերել է Միջին միջանցքի ներուժին, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի վեցերորդ ֆորումի անցկացման ծրագրին։ Նշվել է, որ Վրաստանի ռազմավարական դիրքն ու ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը երկրին կարևոր հնարավորություններ են տալիս Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային միջանցքի զարգացման գործում։
Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Ուշադրություն է հրավիրվել ակադեմիական ծրագրերի, ուսանողների փոխանակման և գիտական կապերի ընդլայնման վրա։ Խոսք է գնացել արհեստական բանականության ոլորտում համատեղ առաջադրանքների խմբի գործունեության և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների մասին։
Միխեիլ Ղավելաշվիլին չինական կողմին է ներկայացրել Վրաստանի նախաձեռնությունը՝ 2027 թվականին Թբիլիսիում Խաղաղության և առողջ ապրելակերպի խրախուսման գլոբալ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, և հույս է հայտնել Չինաստանի մասնակցության ու աջակցության համար։
Հանդիպման ավարտին Չինաստանի Ժողովդական Հանրապետության փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Կողմերն արձանագրել են ակնկալիքը, որ բարձր մակարդակի երկխոսությունն ու առկա համագործակցության խորացումը կնպաստեն Վրաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։