Մեծ Բրիտանիայի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Մեծ Բրիտանիայի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի աշխատակիցները ութօրյա գործադուլ են սկսել։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle» գործակալությունը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Felixstowe նավահանգստի աշխատակիցները 40 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են հայտարարել։ Մոտ 2000 աշխատակից գործադուլ է անում։
Unite արհմիությունը պահանջում է բարձրացնել նավահանգստի աշխատողների աշխատավարձը՝ երկրում ապրուստի թանկացման պատճառով։ Ըստ նրանց՝ նավահանգիստը բավականին եկամտաբեր է, և միայն 2020 թվականին շահույթը հասել է 100 միլիոն ֆունտի։
Նավահանգստի ղեկավարության խոսքով՝ արհմիությանը տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են միջին աշխատավարձը բարձրացնել 8 տոկոսով, իսկ ցածր վարձատրվող աշխատակիցների համար՝ 10 տոկոսով, սակայն արհմիությունը մերժել է այս առաջարկը և պահանջել էական բարձրացում։
Նախնական տեղեկություններով՝ նավահանգստի աշխատակիցների գործադուլը կտևի ութ օր։
Ինչպես գրում է գործակալությունը, ամբողջ Մեծ Բրիտանիայում գործադուլները սկսվել են օգոստոսի 18-ին երկաթուղու աշխատակիցների կողմից և ընդգրկել երկրի տնտեսության մի շարք ոլորտներ։ Երկրում գնաճի աճի պատճառով գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի զգալի բարձրացում։