Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն այսօր կայցելի Վրաստան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն այսօր կայցելի Վրաստան

Մարտի 16-17-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Միացյալ Թագավորության արտաքին, համադաշնության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլեվերլին, որին կհյուրընկալի իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Ջեյմս Քլեվերլին կհանդիպի Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կայցելի նաև օկուպացիոն գիծ և տեղում կծանոթանա ներկա իրավիճակին։

Ջեյմս Քլեվերլին Վրաստան կատարած այցի շրջանակներում կմասնակցի կիբերանվտանգության վերաբերյալ Թվային կառավարման գործակալության կազմակերպած միջոցառմանը և հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև «Ուորդրոպ ռազմավարական երկխոսության» ութերորդ փուլի շրջանակներում 2023 թվականի հունվարի 26-ին կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի այցը Միացյալ Թագավորություն։

Նշենք, որ Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համադաշնության հարցերով պետքարտուղարը վերջին անգամ Վրաստան էր այցելել 2016 թվականին:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։