Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արժանացել է գենդերային հավասարության ոլորտում ֆիննական առաջին մրցանակին՝ ի նշան աշխարհում մարդու իրավունքների, մասնավորապես կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած վաստակի։
Ֆինլանդիայի վարչապետ Յուի Սիփիլը Բրյուսելում մրցանակը հանձնել է կանցլերին:
«Կանցլեր Անգելա Մերկելը դարձել է աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը եւ շատ կանանց եւ աղջիկների համար օրինակ է հանդիսանում»,-նշել է Սիփիլը:
«Ես հպարտ եմ, որ դարձել եմ այս մրցանակի առաջին դափնեկիրը եւ օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ֆինլանդիային իր 100-ամյակի կապակցությամբ: Ես նաեւ շնորհավորում եմ Ֆինլանդիային կանանց իրավունքների ոլորտում ունեցած ուժեղ դիրքերի համար։ Ինձ համար մրցանակը խթան կհանդիսանա գենդերային հավասարության օժանդակման աշխատանքների շարունակման առումով, քանի որ դեռ շատ բան կա անելու»,-շեշտել է Մերկելը:
Դրամական պարգեւը կազմել է 150 հազար եվրո: Մերկելը արդեն հայտնել է, որ գումարը կհատկացնի գենդերային հավասարության ոլորտում ծրագրերի մշակմանը: