Մենք չենք հոգնի, կհանգստանանք, երբ հաղթենք, և դա իսկապես տեղի կունենա. Վոլոդիմիր Զելենսկի
Մենք չենք հոգնի, կհանգստանանք, երբ հաղթենք, և դա իսկապես տեղի կունենա. Վոլոդիմիր Զելենսկի

Չենք հոգնի, կհանգստանանք, երբ հաղթենք։ Դա անպայման տեղի կունենա,- այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նախագահը խոսել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների մասին։

«Մենք շարունակում ենք աշխատել տարբեր մակարդակներով՝ ստիպելու Ռուսաստանին դադարեցնել այս դաժան պատերազմը։ Ուկրաինայի ներկայացուցիչները գրեթե ամեն օր մասնակցում են բանակցություններին։ Դա շատ դժվար է, երբեմն սկանդալային, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, հատուկ ասպեկտը անվտանգության երաշխիքներն են: Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինայի անվտանգության ուղին կամրապնդի Արևելյան Եվրոպայի անվտանգությունը։

«Հատուկ ասպեկտը անվտանգության երաշխիքներն են։ Դա կենսական նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև բոլոր հարևան երկրների համար»,- ասել է նա։

Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում բնակչությանը տեղեկացրել է այն աջակցության մասին, որը ստանում է Ուկրաինան ամեն օր։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի արտգործնախարարին՝ Մարիուպոլ մարդասիրական օգնություն հասցնելու նախաձեռնության համար։ Նախագահի խոսքով՝ ռուսների կողմից շրջափակված Մարիուպոլ քաղաքում 100 հազար մարդ մնում է անմարդկային պայմաններում։

«Նրանք գտնվում են լիակատար շրջափակման մեջ, առանց սննդի, ջրի, էլեկտրականության, մշտական ​​ռմբակոծությունների տակ», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը դիմել է նաև ռուս զինվորականներին.

«Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել բոլոր ռուս օդաչուների համար, ովքեր չեն մտածում, թե ինչ խնդիր են իրականացնում։ Խաղաղ քաղաքացիների սպանությունը հանցագործություն է, և դուք պատասխանատու եք դրա համար։ Այսօր կամ վաղը դա նշանակություն չունի, գլխավորն այն է, որ այդ պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։