Մատեուշ Մորավիեցկին ասում է, որ ավելի ու ավելի շատ երկրներ աջակցում են Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարին
Մատեուշ Մորավիեցկին ասում է, որ ավելի ու ավելի շատ երկրներ աջակցում են Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարին

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարին աջակցում են ավելի ու ավելի շատ երկրներ։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով լեհական «RMF24» հրատարակության վրա։

«Նախորդ օրերին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունից արդեն գիտենք, որ դրական արձագանք է եղել Դանիայից ու Լիտվայից։ Այսօր կարող եմ ասել, որ մյուս անդամ երկրները նույնպես իրենց հավանությունն են հայտնել, բայց նրանք նույնպես ակնկալում են որոշակի աջակցություն և «ընդհանուր ձայն» ՆԱՏՕ-ից։ Մենք նաև շեշտում ենք, որ սա պետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն։ Նրանց համար, ովքեր թերահավատորեն էին տրամադրված Եվրախորհրդի դահլիճում, ես ուզում եմ պատկերացնեն, որ ամբողջ Ուկրաինան, Մարիուպոլը վերածվում է ռմբակոծված վայրի, որտեղից մարդիկ փախչում են»,- ասել է Մորավեցկին։

Նրա խոսքով՝ պետությունները ստիպված կլինեն ընդունել «տասնյակ միլիոնավոր փախստականների»։

«Կարծում եմ՝ ի դեմս Պուտինի և ռուսների, ռուս զինվորների բարբարոսական պահվածքի, մենք կարող ենք պատկերացնել վատագույն սցենարը։ Ցավոք, ես պատկերացնում եմ ավելի վատ սցենարներ, ուստի այս հայեցակարգի շնորհանդեսն ավելի ու ավելի պարարտ հող է գտնում»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոսել էր Ուկրաինայում խաղաղապահ առաքելության հնարավորությունների մասին՝ նշելով, որ Դաշինքը երկիր զորք մտցնելու պլաններ չունի։