Լիտվան ամբողջությամբ դադարեցրել է ռուսական գազ ստանալը, իսկ այս ամսվա սկզբից գազատրանսպորտային համակարգը գործում է առանց ռուսական գազի ներկրման. Լիտվայի էներգետիկայի նախարարություն
Լիտվայում ասում են, որ Եվրամիության առաջին երկրները հրաժարվել են ռուսական գազից։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։
«Ի պատասխան Եվրոպայում ռուսական էներգետիկ շանտաժի և Ուկրաինայում պատերազմի՝ ռուսական գազից լիարժեք էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար, Լիտվան ամբողջությամբ դադարեցրել է ռուսական գազ ստանալը. այս ամսվա սկզբից Լիտվայի գազատրանսպորտային համակարգը կգործի առանց ռուսական գազի ներկրման»,- ասված է հայտարարության մեջ։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այժմ Լիտվայում գազի ողջ պահանջարկը բավարարում է Կլայպեդայի հեղուկ գազի տերմինալը, իսկ հաջորդ ժամանակահատվածում սպառողները բնական գազ կստանան միայն տերմինալից։ Նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում Լիտվա գազը կարող է մատակարարվել լատվիական գազատարով, իսկ մայիսի 1-ից՝ լեհական գազատարի ցանցով։
Էներգետիկայի նախարար Դինյուս Քրեյվսն ընդգծել է, որ սա շրջադարձային կետ է Լիտվայի էներգետիկ անկախության պատմության մեջ։
«Գազպրոմի կողմից բնական գազ մատակարարող երկրներից մենք Եվրամիության առաջին երկիրն ենք, որն անկախություն է ապահովել ռուսական գազի մատակարարումից, և դա երկարաժամկետ հետևողական էներգետիկ քաղաքականության և ժամանակին ենթակառուցվածքային որոշումների արդյունքն է», – ասել է Կրևիսը։