Լեռնային Ղարաբաղում դիմակայությունը հնարավոր է վերածվի տարածաշրջանում էլ ավելի լայնամասշտաբ հակամարտության, մենք չպետք է թույլ տանք, որ հակամարտությանը ներգրավվի երրորդ կողմը. Ջո Բայդեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու Ջո Բայդենը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահն ասում է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվող ռազմական առճակատմամբ և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:
«Միացյալ Նահանգները պետք է հրադադարի գծում ավելի շատ դիտորդներ պահանջի և Ռուսաստանին հորդորի՝ դադարեցնել ցինիկորեն զենք մատակարարելը երկու կողմերին»,- ասել է Բայդենը:
Նախագահության թեկնածուն նշում է նաև, որ Թրամփի վարչակազմը պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ծառայությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, որպեսզի հնարավոր լինի կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
«Լեռնային Ղարաբաղում դիմակայությունը հնարավոր է վերածվի տարածաշրջանում էլ ավելի լայնամասշտաբ հակամարտության, մենք չպետք է թույլ տանք, որ հակամարտությանը ներգրավվի երրորդ կողմը, իսկ Մինսկի խումբը պետք է փորձի իրավիճակը լիցքաթափել և վերսկսել բանակցությունները»,- ասել է Բայդենը: