Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մինչև տարեվերջ դադարեցնել ռուսական նավթի, գազի և ածուխի ներկրումը. Bloomberg
Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մինչև այս տարվա վերջ դադարեցնել ռուսական նավթի, գազի և ածուխի ներկրումը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկիի խոսքով՝ Լեհաստանը ծրագրում է անել հնարավորը, որպեսզի մինչև 2022 թվականի վերջը դադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը։
«Մենք ներկայացնում ենք ամենաարմատական ծրագիրը Եվրոպայում՝ հրաժարվելու ռուսական նավթից, ռուսական գազից, ռուսական ածուխից։ Այս ծրագիրն անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան վերջապես խելքի գա, քանի որ երբ մյուսները Եվրոպայում տեսնում էին Ռուսաստանին որպես բիզնես գործընկեր, մենք գիտեինք, որ նա օգտագործում է նավթը և, ամենից շատ, գազը որպես շանտաժի գործիք», – ասել է Մորավյեցկին։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Եվրոստատի տվյալներով՝ մինչև «Կովիդ 19» համավարակը, 2019 թվականին, Լեհաստանը Ռուսաստանից ներմուծել է օրական 365 հազար բարել հում նավթ, ինչը կազմում է երկրի ներկրվող հում նավթի գրեթե 70 տոկոսը։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Լեհաստանը հաջորդ ամսից կամ մայիսից կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է բնական գազի գնմանը, ապա Լեհաստանի և Ռուսաստանի միջև գազի գնման երկարաժամկետ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին, և կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել այն։