Լեհ և լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Լեհ և լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Միխաու Վավրիկևիչը և լիտվացի պատգամավոր Դաինյուս Ժալիմասը հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի, «Հանուն փոփոխության» կոալիցիայի, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները։ Հանդիպումը կայացել է Թբիլիսիում՝ «Ռումս» հյուրանոցում։

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Դաինյուս Ժալիմասի խոսքով, ընդդիմության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության ու համագործակցության ուղիները։

«Մենք քննարկել ենք փոխգործակցության հնարավոր ուղիները, մեր համերաշխությունն ենք հայտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարական ուժերին։ Մենք նաև լիովին կիսում ենք այն դիրքորոշումը, որ խորհրդարանական ընտրությունները ոչ լեգիտիմ են, ներկայիս խորհրդարանը նույնպես ոչ լեգիտիմ է, և մենք լիովին աջակցում ենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Իհարկե, շատ հարցեր կան քննարկելու, թե ինչպես կարելի է հետագայում համագործակցել։ Ես մտածում եմ նոր ընտրությունների անցկացման անխուսափելի որոշման մասին, որոնք պետք է լինեն արդար, որոնք պետք է լինեն իրական միջազգային վերահսկողության ներքո և համապատասխանեն բոլոր միջազգային չափանիշներին։ Իհարկե, ընտրական սկզբունքների եվրոպական չափանիշներին։ ԵՄ պատժամիջոցները որոշակի ժամանակ են պահանջում, բայց ես կարծում եմ, որ դրան կարելի է հասնել, հատկապես ԱՄՆ կառավարության երեկվա որոշումից հետո»,- ասել է Դաինյուս Ժալիմասը։

Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Միխաու Վավրիկևիչը նշել է, որ իրենք սատարում են ազատ ընտրությունների անցկացման մասին ընդդիմության հայտարարությունը և, միևնույն ժամանակ, աջակցում են Սալոմե Զուրաբիշվիլիին՝ որպես Վրաստանի օրինական նախագահ։

«Մենք աջակցում ենք վրացական հասարակությանը ազատության, Եվրամիությանն ու անդրատլանտյան աշխարհին միանալու նրա ձգտումներին։ Մենք լավ գիտենք, որ ընտրությունները գողացել են, որ ընտրություններն անցել են Ռուսաստանի ազդեցության տակ։ Այստեղ՝ Վրաստանում, մենք աջակցում ենք ընդդիմությանը և ընդդիմության հայտարարությանը, որ ապագայում ազատ ընտրություններ անցկացվեն։ Մենք սատարում ենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին որպես Վրաստանի միակ օրինական նախագահ։ Մենք այստեղ ենք ոչ միայն Եվրախորհրդարանի տեսլականն ու բանաձեւն արտահայտելու, այլեւ մեր անձնական տեսակետները։ Մենք այն երկրներից ենք, որոնք քաջատեղյակ են Ռուսաստանի ազդեցությանը և նրանց կիրառած մեթոդներին։ Դրա համար մենք այստեղ ենք՝ աջակցելու վրաց ողջ հասարակությանը»,- ասել է Վավրիկևիչը։

Լրագրողի հարցին, թե արդյոք համաձայնություն կլինի Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, Վավրիկեւիչը պատասխանել է, որ դեռ պատասխան չունի։

«Մենք դեռ չգիտենք, ինչպես իմ գործընկերն ասաց, դա վերաբերում է եվրոպական կառույցների որոշմանը, ոչ միայն Եվրախորհրդարանի, այլեւ հանձնաժողովի եւ խորհրդի որոշմանը։ Մենք կաշխատենք դրա վրա, քանի որ մենք լիովին աջակցում ենք ամերիկյան վարչակազմի այս որոշումը։ Բիձինա Իվանիշվիլին կապված է Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի հետ, որը կրկին փորձում է լիովին վերահսկել այս երկիրը»,- ասել է Միհաու Վավրիկևիչը։