Կրեմլ. Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իլհամ Ալիևից Ռուսաստանի օդային տարածքում «Ադրբեջանի ավիաուղիների» հետ կապված ողբերգական միջադեպի համար

17:32, 28.12.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իլհամ Ալիևից ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը ևս մեկ անգամ իր խորին և անկեղծ ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցում նշվել է, որ «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման և ռուսական ՀՕՊ գործողությունների ժամանակ։

«Ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը ենթարկվել են հարձակման ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Նմանատիպ