Քենիայում գազի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել ՝ 222 մարդ
Առնվազն երկու մարդ է զոհվել, 222-ը՝ վիրավորվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։
Ինչպես գրում է BBC -ն, պայթել է բնական գազ տեղափոխող բեռնատարը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:30-ին։ Վնասվել են բնակելի շենքեր, ձեռնարկություններ, տրանսպորտային միջոցներ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհը տարածվել է մի քանի բնակելի համալիրների վրա, վիրավորների թիվը կարող է աճել։
Կառավարության խոսնակ Իսահակ Մվաուրայի խոսքով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ջոկատներ ։