Կեմերովոյի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն 11-ամյա տղան, որը կոմայի մեջ է գտնվում

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն 11-ամյա Սերգեյը, որը, սակայն, կոմայի մեջ է գտնվում։

11-ամյա Սերգեյի տատիկը զոհերի մեջ հայտնաբերել է տղայի ծնողներին ու կրտսեր քրոջը։

Նախնական տվյալների համաձայն՝ ընտանիքն ուղևորվել է առևտրի կենտրոն երեխաներից մեկի համար գլխարկ գնելու համար։ Ավելի ուշ որոշել են մտնել խաղային գոտի։ Երբ սկսվել է հրդեհը՝ ընտանիքը չի կարողացել ելքը գտնել։

Հայրը հասցրել է միայն Սերգեյին նետել 4-րդ հարկի պատուհանից, մնացածն արդեն չեն հասցրել նետվել։

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընկնելու հետևանքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Նշենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:

Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: