Կցանկանայի, գար այն օրը, երբ Հարավային Կովկասի երեք երկրները կաշխատեն միասին, ինչպես օրինակ, դա անում ենք ռազմավարական գործընկեր և բարեկամ Վրաստանի հետ. Իլհամ Ալիև
Կցանկանայի, գար այն օրը, երբ Հարավային Կովկասի երեք երկրները կաշխատեն միասին, ինչպես օրինակ, դա անում ենք ռազմավարական գործընկեր և բարեկամ Վրաստանի հետ,- այս մասին «Բի Բի Սիին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նայեք, թե քանի նախագիծ ենք իրականացրել նրանց հետ, որքան սերտ են մեր հարաբերությունները: Այս կապը հիմնված է պատմական ժառանգության, պրագմատիզմի, շահերի հավասարակշռության վրա: Ինչու է Հայաստանը մեկուսացված, օկուպացիայի պատճառով: Եթե նայեք մեր էներգետիկ կամ տրանսպորտային նախագծերին, կտեսնեք, որ դրանք մոտ են Հայաստանին: Մեր ռեսուրսների միջազգային շուկաներ հասնելու ամենակարճ ճանապարհը Հայաստանի միջով է, և մենք դա նրանց առաջարկել ենք 1990 թվականին: Մենք ասացինք նրանց, ազատեք տարածքները, կառուցենք մի խողովակաշար, որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան, իսկ հետո `Թուրքիա: Այս պարագայում մենք կմիավորեինք բոլոր երկրների շահերը, որոշ չափով տարածաշրջանի երկրները կախված կլինեին միմյանցից, և դա կլիներ խաղաղության երաշխիք: Նրանք ասացին ՝ ոչ»,- հայտարարել է Ալիևը: