Վրաստանի պաշտպանության նախարարը ներածական հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության դեսպանի հետ: Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն հայտնեց Ինգրիդա Լևրենսին՝ Լատվիայի կողմից Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում անմնացորդ աջակցության համար:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Լատվիայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ սերտ ու արդյունավետ երկկողմ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն հայտնեց լատվիացի դիվանագետին ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) իրականացման և Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) գործում Լատվիայի նշանակալի ներդրման համար:
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության միջավայրին, Սև ծովի անվտանգությանը վերաբերող հարցեր և շեշտել ՆԱՏՕ-ի ներգրավվածության կարևորությունը:
Հանդիպմանը ներկա էր Լատվիայի ռազմական կցորդ, գնդապետ Իլմար Ձենևսը: