Իսպանիայի թագավորը կոչ է արել Կատալոնիային թողնել անկախության համար պայքարը
Իսպանիայի թագավորը կոչ է արել Կատալոնիային թողնել անկախության համար պայքարը

Իսպանիայի թագավորը կոչ է արել Կատալոնիային հրաժարվել անկախության համար պայքարից։ Ֆելիպե VI-ը գործածել է իր ավանդական սուրբծննդյան ուղերձը՝ կոչ անելու Կատալոնիայի նորընտիր խորհրդարանին հրաժարվելու Իսպանիայից հեռանալու ուղղությամբ հետագա քայլերից։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, կիրակնօրյա հեռուստատեսային ելույթում թագավորը նշել է, որ առաջընթացի ուղին չպետք է կրկին տանի առճակատումների, որը միայն ծնում է վեճ, անորոշություն և տառապանքներ։

«2017 թվականն Իսպանիայում եղել է ծանր՝ մեր ընդհանուր բարեկեցության համար, առաջին հերթին Կատալոնիայում իրավիճակի պատճառով։ Կատալոնիայի առաջնորդները պետք է առերեսվեն խնդիրներին, որոնք անդրադարձել են բոլոր կատալոնացիների վրա՝ հարգելով նրանց բազմազանությունն և պատասխանատվությամբ մտածելով ընդհանուր բարօրության մասին»,-ընդգծել է իսպանացի միապետը։