Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Եվրախորհրդի արդյունավետ համագործակցությունը, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, երկրում ընթացող գործընթացները։
Վարչապետը պատվիրակության հետ հանգամանորեն խոսել է իրենց հետաքրքրող բոլոր հարցերի մասին, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի և գործընթացի կառավարման ուղղությամբ պետական գերատեսչությունների ձեռնարկած քայլերի մասին։
Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել պետական համակարգը սաբոտաժի ենթարկելու ընդդիմության փորձերին և հայտարարել, որ պետությունը դիմակայել է մարտահրավերին, և որ երկրի կարևորագույն ինստիտուտները միտումնավոր թուլացնելու ցանկացած փորձ կարժանանա համապատասխան արձագանքի։