Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ կառավարության ղեկավարն ընդգծել է Ալեն Բերսեի այցի կարևորությունը և Եվրոպայի խորհրդի կարևոր ներդրումը Վրաստանում բարեփոխումների իրականացման և երկրի եվրաինտեգրման գործընթացում։
Նրանց հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկրում ընթացող իրադարձությունները։
«Մենք շատ բարեկամական, արդյունավետ հանդիպում ունեցանք։ Խոսեցինք երկրում ընթացող իրադարձությունների, Վրաստանի և ԵԽ համագործակցության մասին։ Մենք պայմանավորվեցինք, որ սերտ համագործակցությունը մեր երկրի և Եվրոպայի խորհրդի միջև կշարունակվի։ 90-ականներից մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել։ Մեր շահերից է բխում, որ այս համագործակցությունը հնարավորինս ակտիվ շարունակվի։ Այս առումով առանձնահատուկ է գլխավոր քարտուղարի դերը, և մենք վստահ ենք, որ մեր երկիրը կունենա անձամբ պարոն Ալեն Բերսեի աջակցությունը բոլոր ուղղություններով»,- հանդիպումից հետո ասել է վարչապետը։
Վրաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և ԵԽ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Թամար Տալիաշվիլին։