Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զագուլբա պալատում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վրաստանի կառավարության ղեկավարին խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց։
Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության նախագծերին, որոնք Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են։
Նշվել է հաջող համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ընդգծվել է նաև կապի կարևորությունն ու Վրաստանի դերն այս ուղղությամբ։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և նշել, որ երկու երկրների միջև գործընկերությունը շատ ամուր հիմքեր ունի։
Հատկապես ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։