Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի պաշտպանության պետական քարտուղարի հետ
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի պաշտպանության պետական քարտուղար Տամաշ Վարգայի հետ։
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ կատարած այցի շրջանակում կայացած հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի և Հունգարիայի միջև գործընկերային հարաբերություններին և Հունգարիայի աջակցությանը Վրաստանի եվրաինտեգրմանը:
Հանդիպմանը ներկա էին պատվիրակության անդամները՝ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին և խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին։
«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ Հունգարիայի փոխվարչապետի, Ազգային ժողովի փոխնախագահի և Եվրամիության հարցերով նախարարի հետ։