Աթենքում՝ Ակրոպոլիսի մոտակայքում, տղամարդը սառը զենքով հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա
Աթենքում՝ Ակրոպոլիսի հարակից տարածքում, տղամարդը հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա: Այս մասին տեղեկությունը տարածում է «Սի-Բի-Էս Նյուզ»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տեղեկատվությամբ՝ կինը ոտքի շրջանում թեթև վնասվածք է ստացել, իսկ տղամարդու մոտ ավելի ծանր վնասվածքներ են արձանագրվել:
Իրավապահները ձերբակալել են հարձակվողին, իսկ տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախքան հարձակումը տղամարդը դանակով սպառնացել է անցորդներին, ինչի մասին քաղաքացիներից մեկը հայտնել է ոստիկանությանը:
Ի գիտություն՝ Աթենքի Ակրոպոլիսի բլրի վրա է գտնվում գրեթե 2 500 տարվա պատմություն ունեցող Պարթենոնի տաճարը և այլ պատմական հուշարձաններ: Այս վայրը տարեկան հյուրընկալում է միլիոնավոր զբոսաշրջիկների: