Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Ըստ նրանց՝ Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին վրաց ժողովրդի կամքը։
«Կողմերը քննարկել են Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությամբ նախատեսված հիմնական ուղղությունները և երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում քննարկվելիք հարցերը։
Նշվել է տարբեր ոլորտներում Վրաստանի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության զարգացման դրական դինամիկան։
Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Վարչապետը հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու եռակողմ երկխոսությանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։