Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Շառլ Միշելին դեմ առ դեմ հանդիպմանը
Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Շառլ Միշելին դեմ առ դեմ հանդիպմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ առ դեմ հանդիպում է անցկացրել Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպման ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ սա Եվրամիության ամուր գործընկերության և աջակցության հերթական հաստատումն է:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությանը և առաջիկա գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերին: Ընդգծվել է Վրաստանի ՝ որպես Եվրամիության ասոցացված երկրի հաջողությունը:

«Հանդիպմանը նշվել է, որ աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնի ներքո կարևոր է, որ կողմերը ջանք գործադրեն Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները կառուցողական, երկխոսության ռեժիմին անցկացնելու համար:

Ուշադրություն է հրավիրվել Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդասիրական և մարդու իրավունքների ծանր իրավիճակին և Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալման փաստերին: Վարչապետը կարևորել է Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման և տեղում անվտանգության ապահովման գործընթացում:

Հանդիպմանը քննարկվել է նաև իրավիճակը Վրաստանում և Եվրամիությունում `COVID-19 համավարակի առումով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը համավարակի դեմ պայքարում Վրաստանին ցուցաբերած զգալի աջակցության համար: Հատկապես ընդգծվել է պատվաստանյութերի հավասար հասանելիության և պատվաստանյութերի արդար բաշխման ապահովման կարևորությունը: Վարչապետը շեշտեց միջազգային գործընկերների աջակցելու կարևոր դերը, որպեսզի երկիրը մոտ ապագայում կարողանա սկսել պատվաստումների գործընթացը, քանի որ համավարակի հաղթահարումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով», – ասել են վարչապետի մամուլի ծառայությունից:

Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից առաջ, հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը: Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: