Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավար Մարեկ Շչիգելի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրաժեշտի հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարեկ Շչիգելին՝ առաքելության արդյունավետ աշխատանքի և գործունեության համար։

«Նշվել է, որ օկուպացիոն գծի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելությունը կանխում է լարվածության աճը և նպաստում տեղում անվտանգության ապահովմանը։

Ընդգծվել է, որ դիտորդական առաքելությունը միակ միջազգային առաքելությունն է, որը հագեցած է մոնիտորինգի մանդատով։

Նշվել է, որ Եվրամիության այլ արժեքավոր գործիքների հետ մեկտեղ, Վրաստանում դիտորդական առաքելության ներկայությունը հստակորեն արտացոլում է Եվրամիության կարևոր դերը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքների դեմ պայքարում և հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- նշել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել է Եվրամիության դիտորդական առաքելության քաղաքական խորհրդական Ջորջ Սանդին։