Իրակլի Բերաիա. Մեկ անգամ ևս կներկայացնենք սուր դիրքորոշում, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի տեղը չէ
Իրակլի Բերաիա. Մեկ անգամ ևս կներկայացնենք սուր դիրքորոշում, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի տեղը չէ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկելու են Ռուսաստանի պատվիրակության իրավասության հարցը: Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը բողոքարկելու շուրջ քննարկումն անցկացվելու է քվեարկությունից հետո: Հարցով զեկույց են ներկայացնելու Նիդերլանդներից պատգամավոր Տինի Կոքսը և իտալացի խորհրդարանական Ալվիզ Մանիերոն:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան հայտարարում է, որ Վրաստանի պատվիրակությունը նշված թեմայով մեկ անգամ ևս ներկայացնելու է սուր դիրքորոշում:

«Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին քննարկվելու է Ռուսաստանի իրավասության ճանաչման հարցը և մենք պատրաստվում ենք, մեկ անգամ ևս գրանցել մեր սկզբունքային, սուր դիրքորոշումը այդ առնչությամբ: Ռուսաստանն անտեսում է միջազգային իրավունքով և միջազգային իրավական գործիքներով, ինչպես նաև հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների բռնազավթումը և սպառազինումը: Ռուսաստանի Դաշնության գործողությունները, ինչպես օկուպացված տարածքներում, օկուպացված գոտու երկայնքով, այնպես էլ՝ մեր հարևան երկրներում վտանգ է ստեղծում ոչ միայն մեր պետության անվտանգությանը, այլ՝ միջազգային խաղաղությանը և կայունությանը»,- հայտարարել է Իրակլի Բերաիան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել էին 2014 թվականին՝ Ղրիմի բռնագրավման համար: