ԱՄՆ-ը հերթական օդային հարվածներն է հասցրել Իրանին
ԱՄՆ-ը հերթական օդային հարվածներն է հասցրել Իրանին. այս մասին գրում է «CNN»-ը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը։
Ինչպես նշված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, հարվածներն իրականացվել են ԱՄՆ նախագահի հանձնարարությամբ, և դրանց նպատակն է սահմանափակել Իրանի հնարավորությունները, որպեսզի նա այլևս չկարողանա վտանգել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
«Գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին, որպեսզի էլ ավելի սահմանափակեն նրա հնարավորությունները՝ վտանգելու նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ը պատասխանատվություն է դնում Իրանի վրա այս կարևորագույն միջազգային ծովային երթուղով ազատ տեղաշարժվող առևտրային նավերի և դրանց քաղաքացիական անձնակազմի դեմ վերջին շրջանում իրականացված անհիմն ագրեսիայի համար»,- նշված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի կողմից Իրանին հերթական օդային հարվածներ հասցնելու մասին հայտարարությունից հետո երկրի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստային քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն դադարեցվել է։
«CNN»-ը գրում է, որ Չաբահարում և մերձակա ափամերձ Կոնարակ քաղաքում շուրջ տասը պայթյունի ձայն է լսվել։