«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնում են, որ Իրանին հասցված հարվածների նոր ալիքին ի պատասխան՝ գրոհել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաները
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնում են, որ Իրանին հասցված ամերիկյան հարվածների նոր ալիքին ի պատասխան՝ գրոհել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ «Պահապանների կորպուսի» հայտարարությունը տարածում է «CNN»-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։
Նրանց փոխանցմամբ՝ ռազմածովային և ռազմաօդային ուժերը անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով համատեղ հարձակում են իրականացրել ԱՄՆ ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների վրա։
Թիրախների թվում եղել են Քուվեյթում գտնվող «Արիֆջան» և «Ալի ալ-Սալեմ» ավիաբազաները, ինչպես նաև Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ավիաբազան և Ջուֆեյրը։ Ջուֆեյրում է գտնվում Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր բազան, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմը։
Իրանում հայտարարում են, որ հարվածները պատասխան են եղել Իրանի հարավային ափամերձ նահանգներին և Արևելյան Իրանում գտնվող երկու կամուրջներին ԱՄՆ-ի հասցրած հարձակումներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ափամերձ գոտու երկայնքով գտնվող 90 ռազմական թիրախների։