Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա ինքնաթիռի կործանման վերաբերյալ և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին սոցցանցում գրում է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել 38 մարդու կյանք խլած ավիավթարի կապակցությամբ։
«Այս պահին գլխավոր առաջնահերթությունը մանրակրկիտ հետաքննությունն է, որը կպատասխանի բոլոր հարցերին, թե իրականում ինչ է տեղի ունեցել», – ընդգծել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա ավիավթարի վերաբերյալ և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ լուսանկարներում և տեսանյութերում հստակ երևում է ինքնաթիռի խոցումը, որը շատ նման է հրթիռային հարվածին։
«Մենք բոլոր անհրաժեշտ միջոցներով կաջակցենք Ադրբեջանին այս իրավիճակում և կոչ կանենք մյուս երկրներին օգնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, Զելենսկու խոսքով՝ առաջնորդները պայմանավորվել են մոտ ապագայում ակտիվացնել երկկողմ շփումները։