Հունվարի 14-16-ը նախատեսվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների այցը Վրաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվող մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում համազեկուցողներ Կլոդ Քերնը (Ֆրանսիա, Լիբերալ-դեմոկրատների դաշինք) և Էդիթ Էստրելլան (Պորտուգալիա, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հունվարի 14-16-ը փաստահավաք առաքելությամբ կժամանեն Վրաստան: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցը չպետք է դիտվի որպես օրինականության կամ համազեկուցողներին հանդիպող զրուցակիցների տեսակետների հաստատում։
«Այցի նպատակն է գնահատել Վրաստանի՝ որպես Եվրախորհրդի անդամ երկրի պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, հոկտեմբերի ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման ֆոնին։ Այցի ընթացքում համազեկուցողները կհանդիպեն բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարության, համապատասխան պետական պաշտոնյաների և հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ: Սա հերթական մոնիտորինգային այցն է և չպետք է դիտարկվի որպես համազեկուցողների հանդիպման օրինականության կամ զրուցակիցների տեսակետների քաղաքական հաստատում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ համազեկուցողները նախատեսում են այցելել բերման ենթարկված ցուցարարներից մի քանիսին, որոնց կալանավորումը և նրանց առաջադրված մեղադրանքները մտահոգիչ են։ Այս համատեքստում Վեհաժողովի նախագահը, խորհրդակցելով համազեկուցողների հետ, 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրատապ գնահատական պահանջեց՝ կապված Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, մասնավորապես՝ հավաքների ազատության հետ: