Հունաստանը լքել է Եվրամիության ուժեղացված տնտեսական վերահսկողության համակարգը
12 տարի անց Հունաստանը լքեց Եվրամիության ուժեղացված տնտեսական վերահսկողության համակարգը: Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle» գործակալությունը։
«Սա պատմական օր է Հունաստանի և բոլոր հույների համար»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Վարչապետն ընդգծել է, որ նույնիսկ առանց Եվրամիության վերահսկողության, սխալները, որոնք հանգեցրել են Հունաստանում վերջին տարիներին ծանր ֆինանսական ճգնաժամին, ոչ մի դեպքում չպետք է կրկնվեն։
Ըստ նրա՝ մի կողմից կլինի աշխատավարձերի բարձրացում, հարկերի նվազում, մյուս կողմից՝ դա չպետք է խոչընդոտի ֆինանսական կայունության պահպանմանն ուղղված ջանքերին։
Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նույնպես ողջունել է Հունաստանի դուրս գալը Եվրամիության ուժեղացված վերահսկողությունից: Նրա խոսքով, Հունաստանը փակում է իր երկար ու փառավոր պատմության բարդ գլուխը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հունաստանում տնտեսական ճգնաժամը սկսվել է 2009թ. Արտաքին պարտքի ճգնաժամի և պարտատերերի ճնշման պատճառով երկիրը ստիպված է եղել խնայողության միջոցներ ձեռնարկել։ Այս ընթացքում հույները կորցրել են իրենց եկամտի մոտ 25 տոկոսը։