Հայաստանը մշտապես պատրաստ է ընդունել բարեկամ վրացի զբոսաշրջիկներին. Վրաստանում ՀՀ դեսպանը՝ Վրաստանի առողջապահության նախարարին
Հունվարի 12-ին, Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոն հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին:
Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշել է, որ 2017թ. Վրաստան են այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։ Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։
Հանդիպմանը դեսպան Սադոյանն անդրադարձել է նաև Հայաստանի առողջարարական զբոսաշրջության հնարավորություններին՝ նախարարին տեղեկացնելով, որ Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշրջիկներին։