Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ:
Ինչպես գրում է «news.am» գործակալությունը, այս մասին ասվում է Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից տարածված ուղերձում:
«Ղարաբաղյան պատերազմից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Ղարաբաղի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում: Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել հայրենի մեր երկիրը:
Այս իրավիճակը պետք է լիցքաթափվի միայն սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխությամբ և առողջ մտքի պայմաններում: Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»,- ասված է Գարեգին Բ-ի ուղերձում:
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կոչ է անում նաև Հայաստանի խորհրդարանին, գործել պատասխանատվությամբ, ընտրել քաղաքական ուժերի հետ համաձայնեցված նոր վարչապետ և ստեղծել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն:
Հատկանշական է, որ այսօր լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմության կողմից տրված հրաժարականի ժամկետը: Հայաստանի քաղաքներում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անց ենկացվում բողոքի ցույցեր: Ցուցարարները Երևանում փակել են փողոցները, կան նաև ձերբակալվածներ: